Պահեստազորի գնդապետ, խարդախության մեջ մեղադրվող Վոլոդյա Ավետիսյանն այսօր՝ հուլիսի 17-ին, Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում իր վերջին խոսքի ժամանակ հայտարարեց, որ ինքը մեղավոր չի, որ ձերբակալված է, ռեժիմն է մեղավոր։
«Հարգելի մարտական ընկերներ, հարգելի հայ ժողովուրդ, հարգելի անարդարադատություն, մեր երկրում հետաքրքիրն ի՞նչ ա՝ երբ որ քննիչը գալիս առաջարկում է, որ խոստանաս դուրս գաս, չպայքարես, քեզ չենք դատում, դուրս ես գալիս, եթե ասում ես՝ չէ, դուրս եմ գալիս, պայքարում եմ, ուրեմն պետք է նստես։ Խնդիր չկա, ես պատրաստ եմ նստելու, որովհետեւ եթե ուզում ես երկիր փրկես, պետություն եւ ազգ փրկես, պիտի գնաս ինքանզոհության։ Ես մեղավոր չեմ, որ այստեղ եմ, էս ռեժիմն է, համակարգն է մեղավոր, որ ես այստեղ եմ հայտնվել»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանը։
Վոլոդյա Ավետիսյանը բոլոր հայերին կոչ արեց գալ հայրենիք եւ տեր կանգնել պետությանը։
«Մենք կորցրել ենք Նախիջեւան, կորցրել ենք Հայաստան, իմ սիրտը ցավում է, իմ գլուխը ցավում է, այսպես որ գնաց, սա էլ ենք կորցնելու, այսօր էս իշխանությունները երկիրն է նվեր տալիս չգիտեմ ում, թուրքահպատակ իշխանություններ են սրանք։ Ներողություն եմ խնդրում իմ մարտական ընկերներից, իմ ընտանիքից, բայց ձեր ապագայի, մեր սերունդների համար ես պայքարելու եմ՝ ինչ ուզում են, թող անեն»,-ասաց Վոլոդյա Ավետիսյանը։
Ամբաստանյալի փաստաբան Արա Զաքարյանը՝ անդրադառնալով այսօր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությանը, որ եթե Վոլոդյա Ավետիսյանը խախտում է արել, պիտի պատժվի ասաց. «Ցավալի է, որ պաշտպանության նախարարը սկզբից էլ սկսած՝ փորձում է քավորություն անի էս գործի մեջ»։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատավորը գնացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Նշենք, որ դատախազ Վարդան Պապիկյանը 6 տարի 6 ամիս ազատազրկում է պահանջել Վոլոդյա Ավետիսյանի համար ։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։











