«Հարսնաքարի» գործով դատապարտված Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը, այսօր՝ հուլիսի 17-ին, իր որդուն 12 տարվա ազատազրկման դատապարտելու վճիռը փոխելու եւ նրան արդարացնելու խնդրանքով, երկրորդ անգամ  նամակով դիմեց  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. նրա առաջին նամակը անպատասխան էր մնացել:

«Դիմում եմ բերել  նախագահին, որպես միայանակ մայր, իմ պահող ձեռքը իմ տղան ա: Իմ ձայնը ես տվել եմ Սերժ Սարգսյանին, տասը ձեռքով բոլորին տարել եմ, որպեսզի ընտրեն նրան, բոլորին հորդորել եմ: Ես կրկնակի անգամ ուզում եմ դիմեմ, որ տեսնեմ՝ էս անգամ գոնե իմ ձայն հասանելի կլինի՞, արդարարաությունը վերակագնվի՞»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նունե Մարգարյանը:

Տիկին Նունեի խոսքով՝ եթե այս անգամ էլ պատասխան չստանա, կդիմի «անկանխատեսելի ծայրահեղ քայլերի»:

«Գնամ, Ռուսաստանի նախագահ  Պուտինին դիմե՞մ: Ես իրան եմ ընտրել, նեուժելի ինքը ինձ չպետք ա լսի, ո՞նց անեմ,  դիմեմ Պուտինի՞ն»,- վրդովված ասաց ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը:

Նշենք, որ «Հարսնաքարի» գործով ամբաստանյալների հարազատները առաջին ատյանի դատարանի վճռից հետո հաճախ են գնում նախագահի նստավայրի դիմաց՝ իրենց բողոքը հայտնելու:

Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 17-ին, ժամը 23:00-ի սահմաններում, այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժանորեն ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանցից մեկը՝ Վահե Ավետյանը, հունիսի 29-ին վախճանվել էր հիվանդանոցում՝ առանց գիտակցության գալու: Հարուցված քրգործով ամբաստանյալներ Արման Խաչատրյանին, Նորայր Հայրապետյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Բաղդասարյանին, Դավիթ Ադամյանին եւ Արթուր Բաբլոյանին առաջին ատյանի դատարանը մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման։ Ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանի որոշումը փորձում էին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանում. Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը: