Քարվաճառի շրջան ներթափանցած ադրբեջանցիները Ադրբեջանի քաղաքական ղեկավարության որոշման արդյունքում են ուղարկվել Արցախ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։
«Քարվաճառի շրջան ներթափանցած ադրբեջանցիներն անպայման ուղարկված են եղել, եւ դա Բաքվի բարձրագույն քաղաքական ղեկավարության որոշման արդյունք է եղել, ուրիշ հարց է, թե ներթափանցած մարդկանց պրոֆեսիոնալիզմը ինչ մակարդակի է»,-ասաց Սեֆիլյանը։
Սեֆիլյանի կարծիքով՝ դիվերսիոն ներթափանցումը չի նշանակում, որ բանակը մարտունակ չէ։
«Կա կարծիք, որ եթե բանակը մարտունակ է եւ հզոր, ուստի սահմանախախտում պիտի տեղի չունենա, բայց այդպիսի բան գոյություն չունի, այսինքն՝ այսօր չկան աշխարհում անձեռնմխելի, անխախտելի սահմաններ։ Մի քանի դիվերսիաներ իրականացնելով՝ չի կարելի ասել՝ տվյալ բանակը մարտունակ է, թե՝ ոչ»,-ասաց Ժիրայր Սեֆիլյանը։
NEWS.am-ի հարցին, թե որքանով է հավանական պատերազմի վերսկսումը, Սեֆիլյանն ասաց. «Ռեգիոնալ լարվածություն կա եւ պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել, բայց ոչ մեկին ձեռք չի տա, որ այդ պայթյունը տեղի ունենա։ Պատերազմի հավանականությունը քիչ եմ համարում։ Ադրբեջանը չի կարող պատերազմ սկսելու որոշում կայացնել»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որը չեզոքացնելիս հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի, երկուսին ձերբակալել: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: Դիվերսանտները նաեւ սպանել են Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին: Կատարվածի առնչությամբ ԼՂՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել:











