Օրագրեր եւ նոթատետրեր արտադրող «Մագնուս Ֆերրեուս»-ը վերջերս հայտարարել է նոր արտասովոր արտադրանք՝ սոխային նոթատետր ստեղծելու մասին: Իր անվանը հավատարիմ՝ նոթատետրն իր տիրոջն ամեն անգամ ինչ-որ բան գրելիս կստիպի արտասվել:
Բարեբախտաբար, սոխային նոթատետրի հեղինակները սահմանափակվել են բանջարեղենի միայն արցունքաբեր հատկությամբ եւ այն չեն հավելել սոխին բնորոշ սուր հոտով:
Նոթատետրի էջերը ներծծված են էթիլպրոպիլային միացություններով, որոնք կան նաեւ սոխի յուղի մեջ եւ մարդկային արտասուքի մեղավորն են: Նոթատետրի ազդեցությունը զգալու համար պետք չէ կտրատել դրա էջերը: Յուղն արտադրվում է էջերին գրչի դիպչելուց առաջացած տաքության արդյունքում:
Ընկերության գլխավոր տնօրենի խոսքով, մարդիկ շատ ժամանակ են ծախսում նոթատետրում գրառումներ կատարելու համար, սակայն հազվադեպ են այդ գրառումներում էմոցիա ներդնում: Նոր արտադրանքով ընկերությունը ցանկանում է շտկել այդ փաստը եւ գրառումներ կատարելու գործընթացում փոքր-ինչ դրամա մտցնել: Ըստ FedPost.ru-ի, ընկերության ղեկավարը նաեւ նշել է, որ նոթատետրի համար հատուկ թուղթ է օգտագործվում՝ 0.024 մմ հաստությամբ:
Նոր նոթատետրի գովազդային հոլովակն իսկապես զվարճալի է: Դրանում մի երիտասարդ մատիտը թղթին հպելուց անմիջապես հետո սկսում է արտասվել: Երբ նա գրում է՝ «Նյու Յորքը մեծ քաղաք է» կարճ նախադասությունը, արդեն սկսում է բարձրաձայն լաց լինել:
Նոթատետրի համատարած օգտագործումը կասկած է հարուցում: Ամեն դեպքում, դրա օգնությամբ դպրոցականները կկարողանան հասնել նրան, որ իրենց ազատեն դասերից: Նոթատետրի շնորհիվ նաեւ հնարավոր կլինի մարդկանց ստիպել հավատալ, որ դուք իսկական ողբերգություն եք գրում: Բացի այդ, նոթատետրը գեղեցիկ փաթեթավորելով՝ կարելի է այն նվիրել եւ սպասել հետեւանքներին:











