Ամերիկացի սենատոր-հրապարակախոս Ջոն ՄաքՔեյնն այն կարծիքին է, որ «Մալազիական ավիաուղիների» ինքնաթիռին հարվածել են Ռուսաստանի կողմից աջակցվող ռուսամետ ակտիվիստները, կամ հենց ինքը՝ Ռուսաստանը:

Նա նշել է, որ փաստերը կարձանագրվեն հետաքննության ընթացքում: «Եթե պարզվի, որ այս ամենը անջատողականների կամ Ռուսաստանի ձեռքի գործն է, որոնք ուղեւորատար օդանավը շփոթել են ուկրաինական ռազմական ինքնաթիռի հետ, ապա ես կարծում եմ, որ հատուցման դժոխքը չի ուշանա», - հայտարարել է սենատորը MSNBC ամերիկյան հեռուստաալիքի եթերում, հաղորդում է Ukrinform-ը:

Նա ընդգծել է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում աշխարհն իմացավ՝ «ինչպիսին կարող են լինել ռուսների կամ ռուսամետ անջատողականների հնարավորությունները»:

ՄաքՔեյնի անձնական վեբ-կայքում հայտնվել է Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերելու կոչով հայտարարություն:

 «Այն պետք է զենքի անհապաղ մատակարարումից սկսել, այդ թվում՝ զենքի հակատանկային եւ հակաօդային տեսակների, ինչը Ուկրաինայի ղեկավարությունը բազմակի անգամներ խնդրել էր: Ամոթալի է, որ ԱՄՆ վարչակազմը նախկինի պես հրաժարվում է օգնել մեր ուկրաինացի գործընկերներին ռազմական հնարավորություններով», - ընդգծել է ՄաքՔեյնը: