Նոյեմբերի 5-ի գործով ձերբակալված Շանթ Հարությունյանն այսօր՝ հուլիսի 17-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց, որ տուժող, ոստիկան Գեղամ Խաչատրյանը 2013թ. նոյեմբերի 5-ին մոտեցել է իրեն եւ ասել, որ ինքը «Թուրքիայի շպիոն է», այդ պատճառով է Շանթ Հարությունյանը ձեռքի փայտով հարվածել նրան։

«Ինձ եկավ, ասաց՝ ես Թուրքիայի շպիոն եմ, եկել եմ՝ հայերին սպանեմ, ես էլ փետով տվի գլխին»,- ասաց Շանթ Հարությունյանը։

Գեղամ Խաչատրյանը հերքեց, որ նման խոսակցություն եղել է իր եւ Շանթ Հարությունյանի միջեւ։

Ամբաստանյալներից երկուսի փաստաբան Արա Զաքարյանը շարունակեց ընթերցել տուժող Գեղամ Խաչատրյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ հակասություններ էր նկատել դրա եւ դատարանում տված ցուցմունքների հետ։  Նշենք, որ նախորդ նիստին ոստիկանը դատարանում ասել էր, որ իր նախաքննական ցուցմունքը ձեռագիր է եղել, սակայն դատարանում ապացուցվեց, որ տպագիր է։ Բացի դրանից՝ ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի հետ առերեսման ժամանակ Գեղամ Խաչատրյանն ասել էր, որ նրան տեսել էր Արա Մարտիրոսյան անունով ոստիկանին խփելիս, մինչդեռ դատարանում ասաց, որ Արմենն իրենն էլ է խփել։

Տուժող Գեղամ Խաչատրյանը հարցերին կցկտուր պատասխաններ էր տալիս՝ ասելով, որ օրվա մանրամասները չի հիշում։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատական նիստը շարունակվում է լեփ-լեցուն դահլիճում, որտեղ նաեւ մեծ թվով ոստիկաններ կան։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am