Նոյեմբերի 5-ի գործով ձերբակալված «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը հայկական բանակին ու ոստիկանությանը կոչ է անում ուժեղացնել հսկողությունը հասարակական վայրերում եւ զգուշանալ ԱԱԾ-ից։

«Թեկուզ ձեր մեջ էլ շատ են ռուսական գործակալները, ուժեղացրեք հսկողությունը հատկապես մարդաշատ հասարակական վայրերում եւ մի վստահեք Հայաստանի ԱԱԾ-ին ու մի ենթարկվեք դրանք ցուցումներին: Հայաստանի ԿԳԲ-ում, եթե կան էլ ազնիվ աշխատողներ, միևնույն է, ակամա ծառայում են հայ ժողովրդի թշնամիներին»,-այսօր՝ հուլիսի 18-ին դատարանում հայտարարեց նա։

Նրա խոսքով՝ վերջերս ԼՂՀ Քարվաճառին շրջան ներխուժած ադրբեջանցի դիվերսանտները ապակողմնորոշելու խնդիր էին լուծում՝ քողարկելով «Մոսկվայից Հայաստան ուղարկված իրական դիվերսանտներին»։

«Սրանով նաեւ Մոսկվան շանտաժի է ենթարկում հայ ժողովրդին, որպեսզի ստիպի զիջել Ղարաբաղը»,-ասաց Շանթ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am