Վարդան Պետրոսյանը խնդիր ունի ոչ թե Հակոբյանների, այլ «վերեւների» հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին,Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին ժամանակ հայտարարեց Վարդան Պետրոսյանը՝ անդրադառնալով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի այն դիտարկմանը, որ սխալ է ողբերգական դեպքերից հետո մինչեւ զոհվածների մահվան 40 օրը լրանալը կողմերին հարցաքննելը:
«Երբ որ նման դեպք է տեղի ունենում, գոնե քառասուն օր քննիչը չի գնում հարցաքննության եւ ստորաբար դատարան քարշ չի տալիս, հիմա դուք մտածեք՝ ինչի՞ բերեցին հարցաքննեցին, որովհետեւ ինձ պետք էր դատարան քարշ տալ: Էս պատմությունը իմ ու Հակոբյանների մեջ չէ, այլ իմ ու վերեւների մեջ է: Դուք դա ասացիք այսօր»,- ասաց Վարդան Պետրոսյանը:
Նշենք, որ այսօր դատարանում, երբ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց, որ հակասություններ կան տուժող Արթուր Հակոբյանի առաջին օրը նախաքննական մարմնին տված եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ, տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ սխալ է ողբերգական դեպքերից հետո մարդկանց հարցաքննելը, իսկ Արթուր Հակոբյանին հարցաքննել են դեպքից երկու օր հետո:
«Նախկինում քննիչը հարցաքննություն չէր անցկացնում մինչև զոհերի մահվան 40 օրը լրանալը»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ տուժողների՝ նախաքննական մարմնին տված եւ լրատվամիջոցներին տված տեղեկությունները համընկնում են:











