Նոյեմբերի 5-ի գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանը պնդում է, որ գործով տուժող ոստիկան Պետրոս Հայրապետյանը սուտ ցուցմունք է տալիս։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ամբաստանյալը՝ արձագանքելով տուժողի այն հայտարարությանը, թե ինքը դեպքի օրը քունքին ստացած հարվածից հետո երկար ժամանակ պառկել է վերակենդանացման բաժնում։

«Տուժող կոչվածներն ակնհայտ սուտ ցուցմունք են տալիս,  ու դրա դեմ ոնց որ պայքարի միջոց չկա։  Էս մարդիկ պատկերացնո՞ւմ են վերակենդանացման  բաժնի ֆունկցիաները։ Ես 4 անգամ ծանր վիրավորվել եմ, մատ եմ կորցրել, կոկորդս ճղած, ականջիս կեսը չկա, մի ժամ վերակենդանացման բաժնում չեմ պառկել։ Էս մարդիկ որպես ի՞նչ են պառկել վերակենդանացման բաժնում։ Եթե ուզում էին վրաս սպանության հոդված գրեին, թող գային, միանգամից տանեին, թաղեին, հետո ասեին՝ սպանել են։ Վերակենդանացման բաժին ասելս ո՞րն ա, հիվանդանոց ասեք, պրծեք էլի»,-ասաց նա։

Ամբաստանյալ Վարդան Վարդանյանի խոսքով՝ ոստիկանները խայտառակում են իրենք իրենց։

«Ճղած ջինսով եկել, կանգնել է, ոնց որ ռոք երգիչ լինի։ Ես գտնում եմ, որ դա շատ մեծ վիրավորանք է դատարանի հանդեպ, թե չէ մյուս անգամ ես թզբեհով, սպարտիվկայով կգամ։ Է՞ս ա մեր ոստիկանության պահվածքը, եթե էս ա, ամոթ մեր ոստիկանությանը»,-ասաց նա։

Ամբաստանյալը նաեւ զարմանք հայտնեց, թե ինչպես կարող էին վերակենդանացման բաժնում պառկած հիվանդին տանել քննչական բաժին եւ մինչեւ առավոտ պահել հարցաքննության. «Սա արդեն աբսուրդ է, նորից եմ ասում, պարոն դատախազ, սարքում եք, մի քիչ նորմալ սարքեք, սաղ կխնդան ձեր վրա»։

Վարդան Վարդանյանը լրատվամիջոցներին խնդրեց ուշադիր լինել իր հայտարարությունները մեկնաբանելիս, եւ ասաց, որ ոչ թե ՄԻՊ-ն է  կորցրել փաստաբան վարձելու մասին իր երկու դիմումները, այլ Հատուկ կարեւորության գործերով քննչական վարչությունը։

«Եւս մեկ անգամ կրկնում եմ՝ Հատուկ կարեւորության գործերով մեր քննչական վարչությունը իմ դեկտեմբերի 3-ին եւ հունվարի 21-ին գրած դիմումները կորցրել է»,-հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):