Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին ժամանակ այսօր՝ հուլիսի 18-ին, տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը կրկին հայտարարեց, որ Վարդան Պետրոսյանը վթարի օրը ալկոհոլ է օգտագործել եւ միջնորդեց, որպեսզի որպես վկա դատարան հրավիրվեն «Հ2» հեռուստաընկերության «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի վարող՝ Սուրեն Շահվերդյանը և օպերատոր՝ Դավիթ Վարդանյանը:

«Վթարի  օրը Վարդան Պետրոսյանը մասնակցել է «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարին, նրա ամառանոցում հյուրընկալվել են Սուրեն Շահվերդյանը և Դավիթ Վարդանյանը: Սեղանին նաև օղի է եղել, որը իրենք խմել են: Քրեական գործից արդեն իսկ տեղեկություն ունենք, որ այդ օրը ոմանք օգտագործել են օղի, այսինքն, հնարավոր է, որ այդ մարդկանց հայտնի լինեն տեղեկություններ վթարից առաջ Վարդան Պետրոսյանի ալկոհոլ օգտագործելու մասին»,- ասաց փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Վարդան Պետրոսյանի փաստաբանը դժգոհությամբ արձագանքեց այդ միջնորդությանը՝ «Խմածության թեման միտումնավոր է բարձրացնում պարոն Բալոյանը»։

Վարդան Պետրոսյանը, սակայն, ասաց, որ կողմ է, որ նրանք հարցաքննվեն. «Մղումը շատ մեծ է ինձ հարբած տեսնելու, ես ինքս շատ հակված եմ, որ ոչ միայն Հ2-ի նկարահանող խումբը գա, այլեւ շատ մարդիկ գան»:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հետաձգեց միջնորդության քննարկումը:

Դատական նիստից հետո Ռուբեն Բալոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կասկածներ ունի, որ Վարդան Պետրոսյանը այդ օրը ծիրանի օղի է խմել. «Սեղանին օղի է դրված եղել, միասին նստել խմել են, հո պատահական բան չե՞մ ասում: Ծիրանի օղի են խմել»:

Հարցին, թե արդյոք այդ մարդիկ նախաքննական մարմնին տված ցուցմունքներում ասել են, որ Վարդան Պետրոսյանը ալկոհոլ է օգտագործել, փաստաբանը պատասխանեց. «Էդ մարդիկ էլ բան չեն ասել, Նիկոլայն է ասում, որ ջուր է խմել Վարդանը: Թող գան էդ մարդիկ ու ասեն՝ Վարդան Պետրոսյանն էդ հաղորդման ժամանակ ջուր է խմել, թե ծիրանի օղի: Կարող ա՝ Վարդանն էլ ա ասում, որ օղի են խմել»: