Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անսպասելի պատասխան է ստացել «Համաս»-ի ղեկավարներից, ովքեր հայտարարել են, որ Եգիպտոսից բացի այլ երկրի չեն ճանաչում որպես միջնորդ։

Թուրքական լրատվամիջոցները այս լուրը որպես շոկային են ներկայացնում, քանի որ թուրքական կողմը բազմիցս առաջարկել է իր միջնորդությունը, իսկ  օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ  հայտարարել էր, թե չի ճանաչում «Համաս»-ին որպես ահաբեկչական կառույց։

Թուրքական աղբյուրները, վկայակոչելով եգիպտական «Էլ մասրի էլ յոմ»  պարբերականին, նշում են, որ «Համաս»-ի ղեկավարներից Այման Թահան հայտնել է, որ  «Պաղեստինի ազատագրման կազմակերպության» եւ «Համաս»-ի միջեւ հաշտեցման բանակցություններում  Եգիպտոսից բացի այլ միջնորդի չեն ընդունում։  Եգիպտոսից բացի այլ միջնորդի չի տեսնում նաեւ «Համաս»-ի մեկ այլ ղեկավար Ահմեդ Բեհրը՝ նշելով, որ իրենք Եգիպտոսին այընտրանք չեն տեսնում եւ համաձայնության հասնելու համար միայն Եգիպտոսից են օգնություն սպասում։