Շուրջ մեկ տարի է ինչ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը» սկսել է էլեկտրոնային ստորագրություններ տրամադրել, եւ այս ընթացքում մոտ 1000 ՀՀ քաղաքացի արդեն ձեռք է բերել էլեկտրոնային ստորագրություն:
Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ»-ի էլեկտրոնային ստորագրությունների, էլեկտրոնային նույնականացման քարտերի եւ էլեկտրոնային անձնագրերի, ինչպես նաեւ բջջային նույնականացման քարտերի եւ բջջային ստորագրությունների ներդրման նախագծի ղեկավար Հրաչ Թամրազյանը` ավելացնելով, որ հատկապես վերջին շրջանում էլեկտրոնային ստորագրության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է, եւ այն ձեռք բերել ցանկացողների թիվը ավելացել է:
«Էլեկտրոնային ստորագրություն ձեռքբերելու ցանկությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ մարդիկ ցանկանում են ազատվել ավելորդ թղթային քաշքշուկներից եւ հերթերից»,- ասաց Թամրազյանը` ավելացնելով, որ էլեկտրոնային ստորագրությունը բերում է մի շարք հնարավորություններ, օրինակ` հարկային հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելը, արտասահմանյան գործընկերների հետ էլեկտրոնային միջավայրում ավելի ապահով եւ անվտանգ գործարքների, փաստաթղթաշրջանառության եւ նամակագրության իրականացումը:
Թամրազյանի խոսքով` այժմ Հայաստանում խոշոր հարկատուների համար էլեկտրոնային ստորագրություն ունենալը պարտադիր պայման է, սակայն էլեկտրոնային ստորագրության ձեռքբերմամբ հետաքրքրված են ոչ միայն խոշոր ընկերությունները:
«Կան մի շարք փոքր եւ միջին ձեռնարկություններ, որոնց համար թեեւ էլեկտրոնային ստորագրություն ունենալը պարտադիր չէ, սակայն իրենց գործը հեշտացնելու համար շատերն են օգտվում դրանից»,-ասաց Թամրազյանը:


























