Հայաստանը ուշադրությամբ հետեւում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող զարգացումներին եւ գտնում է, որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով երեկ՝ հունիսի 9-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի հանդեպ պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումը:
«Հուսով ենք, որ Իրանի եւ միջազգային հանրության հետագա ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի գալ համաձայնեցված լուծումների»,- նշել է Բալայանը:
Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախօրեին 12 կողմ, 2 դեմ (Բրազիլիան եւ Թուրքիան) եւ 1 ձեռնպահ (Լիբանան) հարաբերակցությամբ ընդունել է պատժամիջոցների փաթեթը: Այս բանաձեւը չորրորդն է 4 տարվա ընթացքում, եւ ավելի կոշտ միջոցներ է նախատեսում Իրանի դեմ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը բանաձեւն արդեն որակել է «թաշկինակ, որով կարելի սրբել թուքն ու նետել աղբարկղը»:




























