«Եվրամիության խորհրդատվական խմբի հետ չորրորդ համատեղ նիստը լավ առիթ է քննարկելու մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները եւ մատնանշելու ապագայի ծրագրերը»,- ԵՄ պատվիրակության հետ հունիսի 11-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Նրա խոսքով, աշխատանքներն իրականացվել են հիմնականում երեք ուղղություններով. ԵՄ ասոցիացված անդամակցության համաձայնագրի կնքում, ազատ առեւտրի մասին բանակցություններում գրանցված առաջընթաց եւ արդարադատության հարցերով հայաստանյան նոր կոմիտեի ստեղծում։
«Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը ենթադրում է շուրջ 190 ուղղություններով բարեփոխումներ, սակայն որպես դրական ձեռքբերումներ կառանձնացնեի հատկապես Հայաստանում դիվանագիտական ակադեմիայի հիմնադրումը, վիզային ռեժիմի դյուրացմանն ուղղված աշխատանքերը, իրավական ոլորտի բարեփոխումները, այդ թվում՝ ոստիականության ոլորտի բարեփոխումների ծրագիրը, մարդու իրավունքերի պաշտպանության ազգային ծրագիրը, ինչպես նաեւ Եվրամիության հետ ազատ առեւտրի ոլորտում ձեռք բերված համաձայնությունը, որը հայ արտադրողներին թույլ կտա իրենց ապրանքներն անարգել դուրս բերել եվրոպական շուկա»,-նշեց Արթուր Բաղդասրյանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դը Լուցենբերգերն իր հերթին ավելացրեց, որ ուրախ է իրենց խորհրդատվական խմբի մեկամյա աշխատանքը բարձր գնահատելու համար։ «Ուրախ եմ, որ կարողանալու ենք հետագայում էլ շարունակել մեր համատեղ աշխատանքը։ Սա մեր առաջին փորձն էր, եւ այն ԵՄ համար մոդել է հանդիսանալու այլ երկրների հետ մեր շփումները կազմակերպելու գործում»,- հավաստիացրեց Լուցենբերգերը՝ չթաքցնելով նաեւ այն դժվարությունները, որոնց իրենք առերեսվել են մեկամյա աշխատանքի ընթացքում։
Ամփոփելով՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ ԵՄ խորհրդատվական խումբը առաջին փուլի՝ կայունությանն ուղղված ֆինանսավորումից անցնում է եվրոպական հարեւանության շրջանակներում ֆինանսավորման։


























