Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 11-ին ընդունել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Ստուբբին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից, Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է Ֆինլանդիայի հետ համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով եւ բարձր է գնահատում Խորհրդային Միության փլուզումից ի վեր` նրա ակտիվ ներգրավվածութունը հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծման գործընթացներում: Նախագահը նշել է, որ Ֆինլանդիան շնորհիվ իր անաչառ եւ կառուցողական դիրքորոշման` ձեռք է բերել վստահության մեծ պաշար եւ ցանկալի գործընկեր է Հայաստանի համար:
Արտգործնախարար Ստուբբն ասել է, որ Ֆինլանդիան պատրաստ է իրացնել Հայաստանի հետ համագործակցությունն ընդլայնելու նոր հնարավորությունները: Նա նշել է, որ իր երկիրը մեծ հետաքրքրությամբ է հետեւում մեր տարածաշրջանում վերջին զարգացումներին եւ խնդրել է Նախագահ Սարգսյանին ներկայացնել Հայաստանի դիրքորոշումները դրանց վերաբերյալ:
Կողմերը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն եւ զարգացում ապահովելու լավագույն երաշխիքը տարածաշրջանի երկրների միջեւ երկխոսության միջոցով խնդիրների լուծումն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատումն է:




























