«Երեւանի քաղաքապետարանն այսօր՝ հունիսի 11-ին  ի գիտություն չի ընդունել  Քաղբանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի համակարգող Կարապետ Ռուբինյանի հայտը՝  հունիսի 18-ին ժամը 20-22-ը Ազատության հրապարակում նաստացույց անցկացնելու մասին»,-  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում քիչ առաջ ասաց Կարապետ Ռուբինյանը՝ նշելով, որ քաղաքապետարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության կողմից նույն օրը այլ միջոցառում է իրականացվելու, եւ հրապարակում այդ նպատակով կարուսելներ են դրված։ Կոմիտեի համակարգողը հարցրել է՝ հնարավոր չէ՞ այլ ժամի անցկացնել միջոցառումը։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը  պատասխանել է, որ միջոցառումը ավարտվելու է մոտավորապես 21:30-ին եւ հնարավոր է՝ տեւի ավելի երկար։

«Ապօրինի որոշում էր, նույնիսկ առաջարկ չարվեց մեր նախատեսած միջոցառումը այլ վայրում անցկացնելու վերաբերյալ, ինչը օրենքի պահանջն է»,-ասաց Ռուբինյանը։ Հարցին՝ բողոքարկելո՞ւ են քաղաքապետարանի որոշումը, նա պատասխանեց, թե հարցը քննարկում են ու այդ մասին դեռեւս  որոշում չեն կայացրել։