ԱՄՆ-ը մտադիր է աշխատել Թուրքիայի հետ մի ամբողջ շարք հարցերի շուրջ, չնայած Անկարան չի միացել Անվտանգության խորհրդի մյուս անդամներին՝ դեմ քվեարկելով Իրանի դեմ պատժամիջոցների կիրառմանը: Այդ մասին BBC հեռուստաալիքի թղթակից Կիմ Գաթթասի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Վաշինգտոնը նաեւ մտադիր չէ խառնել այդ խնդիրները Հայոց ցեղասպանության ճանաչման հետ: «Ես չեմ կարծում, թե մենք պետք է խառնենք հարցերը, որոնք ընդհանուր ոչինչ չունեն մեկը մյուսի հետ: Մենք բազմակողմ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ: Մենք յուրաքանչյուր խնդրի մոտենալու ենք համապատասխան կերպով եւ առանձին»,- ասել է Գորդոնը՝ մեկնաբանելով դիտարկումը՝ Թուրքիային պատժելու համար պատրաստվո՞ւմ է արդյոք Օբամայի վարչակազմը աջակցել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության օրինագծին:
«Ընդհանուր առմամբ հարաբերությունները կախված են նրանից, թե ինչպես են ընդունում երկրները մեկը մյուսին: Մենք ցանկանում ենք ԱՄՆ-ում Թուրքիայի բարենպաստ իմիջ ստեղծել»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:




























