Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մարգրետ Սեկագիան ՀՀ կառավարության հրավերով հունիսի 14-ից 18-ը իրավապաշտպանների վիճակի մասին տեղեկանալու եւ իշխանությունների հետ երկխոսության համար կայցելի Հայաստան։
Նա հանդիպումներ կունենա կառավարության, օրենսդիր եւ դատական իշխանությունների, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ։ Ինչպես նշել է Մարգրետ Սեկագիան, այն փաստը, որ Հայաստանն անցել է մարդու իրավունքների դրույթների պարբերական ունիվերսալ դիտարկման նոր ընթացակարգի, նրա համար միջազգային համագործակցության նոր հորիզոններ է բացում։ Իր այցի արդյունքների զեկույցը Մարգրետ Սեկագիան ՄԱԿ-ի խորհրդի մարդու իրավունքների հարցերով նստաշրջան կուղարկի 2011 թվականին։




























