Մենք երբեք էլ չենք ունեցել զինադադար, վերջին շրջանում ունեցել ենք դեպքեր, որովհետեւ մենք ուզում ենք մեր հայրենիքը պաշտպանեք, եւ չի բացառվում, որ մենք զոհեր էլ կունենանք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա խաչատրյանը («Մառոզ»)՝ անդրադառնալով վերջին օրերի հակառակորդի կողմից իրականացված դիվերսիաներին:
«Մեր մայրերին կոչ կանեմ, որ խուճապի չմատնվեն: Մենք երբեւիցե չենք ունեցել զինադադար, մենք ունեցել ենք դարանակալած թշնամի, եւ պետք է գիտակցենք, որ մեր ոգու բարձրությամբ, մեր հպարտությամբ, պատվով մահը անպատիվ ապրելուց վեհ է»,-ասաց նա:
Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ թշնամու կողմից ցանկացած ոտնձգություն խիստ հակահարված է ստանալու հայկական բանակի կողմից:
«Ես մեր բալեքին երբեք բացակա չեմ դնում, նրանք հավերժի ճամփորդներ են, քանզի նրանք ընկան իրենց հայրենիքի պաշտպանության համար, իսկ դարանակալված թշնամին թող մտածի՝ ցանկացած ոտնձգություն պատասխան է ստանում մեր մայրերի, մեր տղաների կողմից: Մենք ունենք հզոր բանակ, կայացած բանակ, մենք սատար ենք կանգնելու մեր հողին, մեր հայրենիքին»,-ասաց նա:
Անդրադառնալով ազատամարտիկների մարտական դիրքեր մեկնելու վերաբերյալ ՊՆ նախարարին ուղղված նամակին՝ Մարգարիտա Խաչատրյանն ասաց. «Ես կարծում եմ, որ դեռ ազատամարտիկների հավաքի կարիքը չկա, քանզի մեր զինվորի ոգին ավելի բարձր է, ավելի մարտունակ, եւ կարողանում է թեկուզ առանց զենքի իր ձեռքով պաշտպանել իր հայրենիքը»:
Նշենք, որ վերջին օրերին շփման գծում ադրբեջանական ստորաբաժանումները մի շարք դիվերսիաներ են իրականացրել, սակայ ետ են մղվել՝ տալով առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր:











