Ռուսաստանում երկքաղաքացիության փաստը թաքցնելն արգելող օրենքը նշանակում է, որ Ռուսաստանում ապրող ու այնտեղի քաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է ընդամենը տեղեկացնեն երկքաղաքացիություն ունենալու մասին եւ այլեւս որեւէ խոչընդոտի չեն հանդիպի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Միգրացիոն գործակալություն պետ Գագիկ Եգանյանը՝ հերքելով հասարակության մեջ տարածված տեղեկությունները, թե այս օրենքով ՀՀ քաղաքացիները ստիպված են հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից:
«Այս օրենը տարածվում է բոլոր այն քաղաքացիների վրա, ովքեր ապրում են Ռուսաստանի Դաշնությունում: Սա նշանակում է, որ մեր քաղաքացիներն ընդամենը պետք է տեղեկացնեն, որ երկքաղաքացիություն ունեն եւ ամեն հարց լուծված է: Իսկ եթե քաղաքացին ապրում է Հայաստանում, բայց ունի նաեւ ՌԴ քաղաքացիություն, կարիք չունի տեղեկացնելու ՌԴ-ին»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտնել էր, որ օգոստոսի 4-ին ՌԴ-ում ուժի մեջ է մտել երկքաղաքացիության փաստը թաքցնելն արգելող օրենքը, որով այլ երկրի քաղաքացիություն ունեցող Ռուսաստանի քաղաքացին այժմ պարտավոր է այն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում հաղորդել Դաշնային միգրացիոն ծառայություն: Օրենքը խախտելու դեպքում քաղաքացին ստիպված կլինի մինչեւ 200 հազար ռուբլի տուգանք վճարել, կամ մինչեւ 400 ժամ պարտադիր աշխատանքներ կատարել:





























