Բրիտանական կենսաքիմիկոսը կատարյալ կոշիկ է ստեղծել նրանց համար, ովքեր սիրում են երկարատեւ զբոսանքները: Նա կոշիկի ներբանին զսպանակներ է հարմարեցրել:

Զսպանակների տեղին եւ ձեւին կենսաքիմիկոսը հատուկ ուշադրություն է դարձրել՝ դրանք տեղադրելով կրունկի հատվածում: Ըստ Mignews-ի, Ջիմ Աշերվուդը պատրաստվում է արտոնագրել կոշիկի ներբանի սեփական դիզայնը:

«Ներբանում տեղադրված զսպանակները չեն փոխում քայլվածքը, այլ ավելի ճկուն, նույնիսկ ավելի գեղեցիկ են դարձնում այն: Բացի այդ, նվազեցնում են ծնկահոդերի եւ մեջքի ծանրաբեռնվածությունը»,- պատմել է գյուտարարը:

Փորձարկումները ցույց են տվել, որ Աշերվուդի կոշիկներով ոտքերի եւ մեջքի մկաններն ավելի քիչ են հոգնում, քանի որ գետնի հետ շփումն ավելի սահուն է:

Գյուտարարը խորհուրդ է տալիս զսպանակներով կոշիկները հագնել երկարատեւ զբոսանքների ժամանակ, ինչպես նաեւ մեջքին թեկուզ մի քանի կիլոգրամ բեռ տանելիս: