Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսուհետեւ պարբերաբար կայցելի Արցախ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Վանաձոր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետն անդրադարձավ նաեւ սահմանամերձ բնակավայրեր իր վերջին այցելությանը:
«Մենք տեղում ծանոթացանք իրադրությանը, խոսեցինք բնակիչների հետ, կարեւորը, որ դիրքերից սկսած՝ բոլորը տրամադրված են մարտական: Դա շատ կարեւոր է մեզ համար, մենք կարծես թե իրենց համարձակության կոչ անելու որեւէ խնդիր չունենք, քանի որ իրենք նվիրված են եւ պատկերացնում են՝ ինչ մեծ բեռ է դրված իրենց ուսերին, իրենք ինչ ազգանպաստ, հայրենանվեր գործ են անում, պաշտպանում են մեր սահմանները: Սահամանապահ գյուղերի բնակիչները տրամադրված են, որ իրենք ամեն ինչ անելու են, պաշտպանելու են իրենց հողը, տունը ընտանիքը»,-ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին սահմանին լարվածությունը սրվել է: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 25 զոհ եւ 30 վիրավոր:











