Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երկխոսություն է վարում Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ՝ հայ գերի Կարեն Պետրոսյանի մարմինը հայկական կողմին փոխանցելու հարցով: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար  Զառա Ամատունին՝ հավելելով, որ այս կապակցությամբ ԿԽՄԿ-ն մեկնաբանություններ չունի: Ներկայումս, ըստ նրա, այս հարցում շոշափելի շարժ չկա:

Հիշեցնենք, Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին: Օգոստոսի  8-ին ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել  գերու մահվան մասին՝ որպես պատճառ նշելոով «սրտանոթային անբավարարությունը»:  Նախնական տվյալով՝ Կարենը մոլորվել է անտառում, ուր գնացել էր փայտ հավաքելու: Արդյունքում հայտնվել էր ադրբեջանական կողմում: Ադրբեջանի իշխանությունները Պետրոսյանին դիվերսանտ էին համարել:

Միաժամանակ, մոլորված Կարեն Պետրոսյանին հայտնաբերած ադրբեջանցիները չեն հավատում Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական վարկածին, թե  Կարենը դիվերսանտ է եղել, հայտնում է «Ազատություն» ռադիոյի ադրբեջանական ծառայությունը: Ֆարիզա Տագիեւան` մոլորված հային հայտնաբերած կինը, պատմել է, թե ինչպես են տեղի բնակիչները նրան հարցրել` ինչու է վախեցած, իսկ  նա պատասխանել է, որ իր մոտ ոչինչ չկա, զենք չկա:  Տագիեւան Պետրոսյանին տարել է Ագբուլաղ գյուղի թեյարան, որտեղ երիտասարդները շրջապատել են Կարենին եւ սկսել հարցաքննել:  «Բարեւեցի, խուզարկեցի, ստուգեցի կոշիկները, նրա մոտ ոչինչ չկար», - պատմել է տեղի բնակիչ Նիյամաթ Մամեդովը՝ նշելով, որ  Կարենի մոտ զենք չի եղել, եւ նա ոչ մի դիմադրություն  ցույց չի տվել: Մամեդովը նաեւ նշել է, որ Կարենի ձեռքերում սովորական հեռախոս է եղել, եւ հարցաքննությունը դադարել է, երբ գյուղ են եկել զինվորականները: Ըստ Ֆարիզա Տագիեւայի` Հայաստանի ԶՈՒ   դիրքերը հեռու են գյուղից, որը նույնիսկ  «սահմանամերձի» կարգավիճակ չունի: «Այստեղ նրանք դիրքեր չունեն, ինչպե՞ս նա կարող էր  գալ մարտական դիրքերից»: