Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղին մոտ գտնվող ադրբեջանական Մեզեմ գյուղի բնակիչները մոտ մեկ շաբաթ առաջ սպիտակ դրոշ են տեղադրել գյուղի մոտ, որը պարզ երեւում է Բերքաբերից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը:
«Մի շաբաթ առաջ մեզեմցիները խուճապի մեջ էին, գյուղից փախել էին, գյուղում միայն շուն ու կատու էր մնացել: Երեկ են վերադարձել ու սպիտակ դրոշ կախել գյուղի մուտքի մոտ, որը մեր մոտից լավ երեւում է»,-ասաց նա:
Բերքաբերի գյուղապետը նշեց, որ ադրբեջանական գյուղի բնակիչները միշտ էլ խուճապի մեջ են գտնվում. «Մեզանից ո՞վ չի վախենում, որ իրենք չվախենան, մենք մեր հողը, ջուրը սիրում ենք, դրանից էլ վախենում են նրանք»:
Հարցին, թե ինչով են զբաղվում սահմանամերձ Բերքաբերի բնակիչները, Արթուր Մադաթյանը պատասխանեց՝ սահմանապահությամբ. «Ինքնըստինքյան ապրում ենք, մեր հող ու ջրով, գյուղի աշխատանքներով»:
Նշենք, որ Բերքաբերն ունի 538 բնակիչ:
Լուսանկարը՝ Ջորջ Տաբակյանի ֆեյսբուքյան էջից





























