Երեւանի «Արարատ» կոնյակի գործարանը մոտ 10 տոկոսով կրճատում է 2010 թ. խաղողի մթերման ծավալները: Այսօր, խաղողի մթերման սեզոնից 3 ամիս առաջ այդ մասին հայտարարեց գործարանի տնօրեն Արա Գրիգորյանը: Պատճառը արտահանման ծավալների կրճատումն է: Ըստ Գրիգորյանի, կոնյակի իրացման ծավալներն այնքան են կրճատվել, որ այս տարի իրենց խաղող ընդհանրապես պետք չէր, կամ պետք էր 14-15 հազ. տոննայից ոչ ավելի: Սակայն գործարանի ղեկավարությունը որոշում է կայացրել մթերել 29 հազ. տոննա: Դա այն քանակությունն է, որ գործարանը կարող է պահեստավորել, այդ նպատակով նույնիսկ Վրաստանից ու այլ երկրներից 500 հազ. լիտր տարողությամբ պահարաններ են ներկրվել ու տեղակայվել գործարանի տարածքում: Սակայն մթերման գներն անցյալ տարվա համեմատ չեն նվազեցվի. Արարատյան դաշտում այն 1 կգ-ի համար կազմել է 130 դրամ, իսկ Տավուշում` 120 դրամ:
Այս տարի խաղողի լավ բերք է սպասվում, սակայն կոնյակի գործարանը գյուղացիական տնտեսությունների հետ վերանայում է պայմանագրերը` նախորդ տարվա համեմատ գնման ծավալները կրճատելով 20-22 տոկոսով: Այսուհանդերձ, խաղողը պետք եղածից շատ մթերելը Ա. Գրիգորյանը բացատրեց այն հանգամանքով, որ այս տարի նոր տնկած այգիներում առաջին բերքն է հասունանում, ուստի գործարանը չի ցանկանում նրանց բերքը թողնել դաշտում:


























