Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կենտրոնի բացումն ակնկալվում է 2015 թվականի սկզբին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԱԻՆ Գառնիի երկրաֆիզիկայի աստղադիտարանի տնօրեն Լեոն Հախվերդյանը: Նրա խոսքով՝ աստղադիտարանի հիմքի վրա կենտրոնը սեյսմիկ տվյալներ կհավաքի ինչպես Գառնիից, այնպես էլ երկրի հարավում ու հյուսիսում գտնվող հետազոտական գոտիներից (Կապանի շրջանում եւ Գյումրիում) եւ կվերածի դրանք բացարձակ մեծությունների:

«Նախկինում տեղեկությունը մնում էր տեղերում, այժմ այն անմիջապես մեզ կփոխանցվի: Մենք կորակավորենք տվյալներն ու կընտրենք նրանք, որոնք երկրակեղեւում մեզ համար կարեւոր դինամիկ գործընթացների ազդանշան կտան»,- պարզաբանեց Հախվերդյանը: Կենտրոնի ստեղծման շրջանակում Երեւանից Գառնի կտեղափոխվի երկրաքիմիական լաբորատորիան:

Տվյալների պահպանության համար անհրաժեշտ սերվերն արդեն տեղադրված է, իսկ վերջերս անցկացվել է լայնագիծ ինտերնետ-կապ:

Գառնիի երկրաֆիզիկայի աստղադիտարանի սարքավորման եւ ապագա ճգնաժամային կենտրոնի շրջանակում, Չեխիայի գիտությունների ակադեմիայի հետ համագործակցության ծրագրով, հունիսի վերջին այնտեղ չեխական թվային կրենաչափեր են տեղադրվել: