Ծովային հետազոտությունների «Այաս» ակումբի հետաքրքրությունների թվում է նաեւ դայվինգը: Բարձր լեռնային ջրամբարներում սուզվելու առանձնահատկությունների մասին NEWS.am-ի ընթերցողներին պատմել է ստորջրյա հետազոտությունների բաժնի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը:

«Բարձրլեռնային դայվինգն էքստրեմալ է համարվում, այդ թվում՝ ծովի մակերեւույթից ավելի քան 300 մետր բարձրությամբ բարձրլեռնային սուզումը: Մեր դպրոցը գտնվում է ծովի մակերեւույթից 2000 մետր բարձրությամբ»,- նշում է Ռաֆայել Մկրտչյանը: Թեեւ դայվինգի գաղափարն ամրագրված է ակումբի կանոնադրության մեջ, գործնականում գաղափարը հնարավոր է եղել իրականացնել միայն մի քանի տարի առաջ: Դայվինգի դպրոցը գործում է Սեւանում:

Ակումբի ներկայացուցչի խոսքով՝ բարձրլեռնային դայվինգի մասին դասագրքեր չկան: «Այնպես որ՝ այդ ամենը ստիպված էինք ինքներս փորձել: Մարզական շատ բժիշկներ կային, ովքեր գալիս էին մեր մրցույթներին: Արյան անալիզ էին վերցնում եւ հետո գիտական ամբողջ տեղեկատվությունը մեզ էին փոխանցում, իսկ մենք եզրակացություններ էինք կատարում»,- հավելեց նա:

Այժմ ակումբի ներկայացուցիչները բարձրլեռնային դայվերների համար դասագրքեր են նախապատարստում: «Նման դայվինգը բազմաթիվ առանձնահատկություններ ունի: Օրինակ, ծովի մակերեւույթից 10 մետր խորությամբ լողալու համար 1 րոպե է հարկավոր՝ թեթեւ վնասվածքներից եւ դեկոմպրեսիվ հիվանդությունից խուսափելու համար: Սեւանում այդ կրկնապատկվում է՝ 2 րոպե: Մեր եզրակացությունները հենվում են գիտական տվյալների վրա: Սկզբում գրառումներ կատարում էինք մեզ համար, հետո որոշեցինք գիրք հրատարակել»: Նախատեսվում է ռուսերեն հրատարակությունը թողարկել տարեվերջին, այնուհետեւ կլինեն նաեւ հայերեն, անգլերեն եւ գերմաներեն հրատարակությունները:

Դպրոցն ունի 2 հրահանգիչ ունի, 5 դայվ-մասնագետներ: «Դպրոցն առեւտրային կազմակերպություն չէ: Մեր նպատակը մարդկանց հետաքրքրելն է»,- պնդում է բաժնի ղեկավարը:

Դայվինգի բաժնում շուրջ 60 անդամ կա, նրանք 4 տարվա շրջանավարտներն են, ընդ որում՝ ինչպես Հայաստանի քաղաքացիներ, այնպես էլ մոտ եւ հեռու հարեւան երկրներից: Դայվերների թվում նաեւ կանայք կան, որոնց թիվը գնալով աճում է:

Դպրոցում ուսուցման սեփական մեթոդ է մշակվել: «Մեր մեթոդի համաձայն՝ ուսուցման առաջին դասընթացը 5 տեսական պարապմունք եւ 5 սուզում է ներառում: 6-րդ սուզումը յուրատեսակ քննություն է: Այն չհանձնելու դեպքում վկայագիր չեն ստանում: Ամեն վկայագրի ներքո առկա է հրահանգչի անունը, իսկ յուրաքանչյուր հրահանգչի համար իր հեղինակությունը շատ կարեւոր է»:

Ռաֆայել Մկրտչյանն ինքը դայվինգով զբաղվում է 1982 թվականից: «Սկսվեց այն ժամանակ, երբ հյուր էի Կրոնշտադտում: Այնտեղ տեսա, թե ինչպես են ջրասուզորդները սուզվում: Հրահանգիչներից մեկը հարցրեց, թե ցանկանո՞ւմ եմ փորձել: Ես սուզվեցի ու «այլեւս դուրս չեկա»: Այնտեղ էլ ուսուցման լիարժեք դասընթաց անցա»: ԽՍՀՄ փլուզումից հետո պարզվեց, որ տրված վկայագրերը չեն գործում: Անհրաժեշտ էր հավելյալ ուսուցում անցնել: Լավագույն դպրոցների փորձը համատեղելով էլ ակումբը ուսուցման սեփական մեթոդն է ստեղծել:

Ուսուցանելուց բացի, դեպարտամենտն ուսումնասիրում է նաեւ Սեւանի հատակը: «Ամենախորը հատվածին դեռեւս չենք հասել, իմաստ էլ չկա: Կարծում եմ՝ եթե սուզվենք, Գինեսի նոր ռեկորդ կսահմանենք: 90 մետր խորությամբ սուզվելը Սեւանում հավասար է ծովի 150 մետր խորությանը»,- նշեց Ռաֆայել Մկրտչյանը՝ հավելելով, որ այս պահին «Հայաստանի անհայտ լճերը» փաստագրական ֆիլմի նկարահանումներն են կատարում: