Ղըրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ, դատախազության գործերի համակարգող Ազիմբեկ Բեկնազարովը մտադիր է նախաձեռնել Ղըրղզստանից ամերիկյան «Մանաս» ռազմակայանի դուրսբերման հարցն այն դեպքում, եթե Մեծ Բրիտանիան Ղըրղզստանին չհանձնի Մաքսիմ Բակիեւին։
Նրա խոսքով, Բակիեւի գործողություններում ահաբեկչության տարրեր կան։ «Այս կապակցությամբ Ղրղզստանը Անգլիայի եւ ԱՄՆ-ի առաջ պետք է հարց դնի. եթե նրանք իրոք պայքարում են ահաբեկչության դեմ, ապա պետք է Ղրղզստանին հանձնեն Մաքսիմ Բակիեւին»,- հայտարարել է նա։
Ժամանակավոր կառավարությունը երկրում տեղի ունեցող անկարգությունների կազմակերպման հարցում մեղավոր է համարում նախկին նախագահ Բակիեւի ընտանիքին։ Վերջին տվյալներով, ղըրղզների եւ ուզբեկների միջեւ բախումների արդյունքում զոհվել է 191 մարդ։


























