Հայաստանի աշխատանքային օրենսգրքում կան դրույթներ այսպես կոչված «աշխատակիցների ներկայացուցիչների մասին»:
Գաղափարը լավն է. աշխատանքային կոլեկտիվներում արհմիությունների բացակայության պայմաններում աշխատակիցների շահերի պաշտպանությունը կարող են իրականացնել այդ «ներկայացուցիչները»: Սակայն կառավարության մշակած «Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների մասին» օրինագիծը փաստացի հավասարության նշան է դնում արհմիությունների եւ այդ ներկայացուցիչների միջեւ:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի առեւտրի, կենցաղսպասարկման եւ արդյունաբերության աշխատակիցների արհմիութենական հանրապետական միության նախագահ Շմավոն Մկտրչյանը, այդ կերպ ստեղծվում են կառույցներ, որոնք կոլեկտիվների առջեւ ունենում են իրավունքներ, բայց ոչ պարտականություններ: Որպես օրինակ՝ Մկրտչյանը նշել է գորբաչեւյան վերակառուցման ժամանակ ստեղծված աշխատանքային կոլեկտիվների խորհուրդները, որոնք որեւէ լավ բանի չհանգեցրին: Միեւնույն ժամանակ, Մկրտչյանի խոսքով, կրկնում են արհմիությունների գործունեությունը, նաեւ խախտում են ինչպես երկրի սահմանադրությունը, այնպես էլ աշխատանքի միջազգային կոնվենցիան:
Միության ղեկավարի խոսքով, նման կառույցների ստեղծումը կարող է հանգեցնել կոնֆլիկտային իրավիճակների: Եթե կառավարությունը դժգոհ է արհմիություններից, կարող էր, ըստ Մկրտչյանի, ստեղծել այլընտրանքային արհմիություններ: Եւ անհրաժեշտ չէ հերթական անգամ հեծանիվ հորինել:


























