Ղըրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբաեւան կարծում է, որ երկրում անկարգությունների արդյունքում զոհերի թիվը հասնում է 2 հազարի: «Անկասկած, կորուստները շատ են: Ես 10 անգամ կմեծացնեի պաշտոնական տվյալները, որովհետեւ գյուղական վայրերում շատ զոհեր են եղել, իսկ մեր ավանդույթով՝ մարդկանց թաղում են նույն օրը, նախքան մայրամուտը»,- «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է Օթունբաեւան:

Հիշեցնենք, որ Ռոզա Օթունբաեւան այսօր` հունիսի 18-ին հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ: Կողմերը քննարկել են Ղըրղզստանի Օշ եւ Ջալալաբադ շրջաններում ստեղծված իրավիճակը, որտեղ զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:  

Հիշեցնենք, որ Ղըրղզստանի հարավում ազգամիջյան բախումները սկսվել են հունիսի 11-ի գիշերը, որի արդյունքում զոհվել է 191 մարդ: Առնվազն 400 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել սեփական բնակավայրերը: Ղըրղզստանի ավելի քան 100 հազար ուզբեկ քաղաքացիներ լքել են երկիրը եւ անցել հարեւան Ուզբեկստան: