Թուրքական խորհրդարանի  քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշը հեռուստատեսային հաղորդման ժամանակ ուղիղ եթերում  թուրքական իշխանություններին առաջարկել է քրդական հարցը լուծելու համար երկխոսություն սկսել PKK-ի հետ (Քրդական բանվորական կուսակցություն. PKK-ն  Թուրքիայում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն է համարվում)։

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝  Դեմիրթաշը նշել է, որ Թուրքիայում ոչ թե ահաբեկչության, այլ քրդական խնդիր կա։ «Քուրդ ժողովրդի լեզվի, մշակույթի ընդունման խնդիրը կա։  Քուրդ ժողովուրդը մերժման եւ ձուլման վտանգի տակ է։  Իշխող կուսակցությունը այս խնդիրները լուծելու փոխարեն ավելի է ուժեղացրել ձուլման քաղաքականությունը»,-նշել է Դեմիթաշը։

Ըստ Դեմիրթաշի՝  արյունահեղությունը կասեցնելու համար թուրքական իշխանությունները պետք է քաղաքական կամք ցուցաբերեն եւ PKK-ի հետ երկխոսության մեջ մտնեն։

Նշենք, որ օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը մեղադրել էր PKK-ի իրականացրած ահաբեկչության մեջ, որին ի պատասխան,  Սելահաթին Դեմիրթաշը Էրդողանին անվանել էր ստախոս՝ ասելով. «Եթե երկրի վարչապետը ժողովրդի աչքերի մեջ նայելով սուտ է խոսում, ուրեմն նրա քաղաքական գաղափարները վերջացել են»։