Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտում «Պարմանի» կրթամշակութային երիտասարդական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը բարձր է գնահատել ռուսաստանաբնակ հայ բարերար Նարինե Դավթյանի հայրենանվեր այս ձեռնարկը` հանրապետության համար անչափ կարեւոր կենտրոնի կառուցումը, եւ հույս հայտնել, որ այն մեծապես կնպաստի մատաղ սերնդի դաստիարակության գործին:
Արարողությանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարերար Լեւոն Հայրապետյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաեւ հյուրեր Ռուսաստանից:


























