ԼՂ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել կապված երեկ ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից ԼՂՀ տարածք ներխուժելու փորձի հետ: հայտարարության մեջ ասվում է.

«Երեկ` հունիսի 18-ին ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածը, գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը:

Նախահարձակ հակառակորդի շուրջ երկու տասնյակ զինվորներից կազմված հետախուզա-դիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ԼՂՀ Զինված ուժերի վերոնշյալ ուղղության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում ադրբեջանական ջոկատայինները կրելով կորուստներ դիմել են փախուստի: Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաեւ ղարաբաղյան կողմը:

Հատկանշական է, որ հակամարտող կողմերի շփման գծում ադրբեջանական զինուժի սանձազերծած հերթական լուրջ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ընդամենը մեկ օր հետո, որտեղ ի դեպ Ադրբեջանի նախագահն իր պատրաստակամությունն էր հայտնել շարունակել հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը:

Փաստելով այս եւ դրան նախորդած դիվերսիոն գործողությունների ու հրադադարի խախտման դեպքերի հաճախակի դարձած պրակտիկան, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ է համարում իրազեկել, որ ադրբեջանական կողմն այդ ճանապարհով փորձում է պարբերաբար եւ նպատակաուղղված ապակայունացնել իրադրությունը հակամարտ զորքերի սահմանազատման գծում եւ դրանով իսկ հարցականի տակ դնել առանց այդ էլ տարածաշրջանում տիրող փխրուն խաղաղությունը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ Բաքվին հիշեցնում եւ նախազգուշացնում է, որ ԼՂՀ անվտանգությանը սպառնացող եւ շփման գոտում իրադրության ապակայունացմամբ հղի` ադրբեջանական կողմի ամեն մի գործողության այսուհետ եւս կտրվի համարժեք պատասխան»: