Ադրբեջանը շարունակում է շանտաժի ենթարկել աշխարհին, եւ Բաքվի նման քաղաքականությունն արդյունքներ է տալիս:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գոտում ստեղծված իրավիճակը՝ Սանկտ-Պետերբուրգում Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո:

Նրա խոսքով, Ադրբեջանը, խախտելով հրադադարի ռեժիմը եռակողմ հանդիպումից անմիջապես հետո, ցանկանում է ընդգծել, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ է խախտել բոլոր պայմանավորվածությունները: «Եւ գլխավորը որ աշխարհը գնում է այդ շանտաժին: Մոսկվան, փոխանակ կոշտ արձագանքի Ադրբեջանի գործողություններին, ընդհակառակը, հայտարարում է, թե պատրաստ է երկու անգամ շատ ադրբեջանական գազ գնել»,- նկատել է փորձագետը: Նրա կարծիքով, Ադրբեջանի գործողությունները մեկ նպատակ են հետապնդում՝ ստուգել հայկական կողմի եւ միջազգային հանրության արձագանքը: «Այդ պատճառով էլ, ինչպես Երեւանն ու Ստեփանակերտը, այնպես էլ միջազգային հանրությունը պետք է կոշտ եւ համարժեք պատասխան տան Ադրբեջանին, որ Բաքուն գիտակցի, թե իր քայլերը չեն կարող անպատասխան մնալ»,- նկատել է փորձագետը՝ հավելելով, որ քանի աշխարհը աշխարհաքաղաքական սպասելիքներ ունի Բաքվից, Ադրբեջանի նկատմամբ խիստ դատաստան պետք չէ սպասել:

Նշենք, որ օրերս Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը, որի արդյունքում երկու կողմերն էլ զոհեր ունեն: Ընդ որում, Ադրբեջանի դիվերսիան տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգում Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո: Մոսկվան առ այսօր չի արձագանքել Բաքվի գործողություններին: