Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքել է ԼՂՀ Պաշտպանական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը:

«Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակն այդ միջադեպի հետ որեւէ առնչություն չունի: Դրա պատճառները թող փնտրեն ադրբեջանական բանակում առկա միջանձնային հարաբերությունների մեջ:
Չի բացառվում, որ հունիսի 18-ի միջադեպից հետո ադրբեջանցի զինծառայողներն այնքան են վախեցել, որ հակառակորդի յուրաքանչյուր շարժ համարում են որպես հարձակում»,- հայտարարել է Հասրաթյանը:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկատվություն էին տարածել, թե Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը, իբր գրոհել են ադրբեջանական զորքերի դիրքերը Ֆիզուլիի շրջանի Աշաղի Աբդուռահմանլի գյուղի ուղղությամբ: «Ադրբեջանի զինված ուժերը, ուժեղացնելով մարտական դիրքերը, հետ են մղել հարվածը: Արդյունքում հայերը կորուստներ են կրել եւ նահանջել են:

Ադրբեջանական կողմից մարտում զոհվել է մեկ զինծառայող»,- պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշենք, որ հունիսի 18-ին ԼՂՀ տարածք էր ներխուժել ադրբեջանական զինված դիվերսիոն խումբ: Մարտի արդյունքում զոհվել էին 4 հայ զինծառայողներ, եւս 4-ը՝ վիրավորվել էին: Ադրբեջանական կողմը նահանջել էր՝ մարտի դաշտում թողնելով մեկ սպանված: