Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն, որի հետ քննարկել է Հայաստանի եվրաինտեգրման ներգրավվածության հարցերը, մասնավորապես՝  ԵՔՀ ծրագրին, ինչպես նաեւ «Արեւելյան գործընկերությանն» առնչվող հարցեր:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից, Ն. Զոհրաբյանը կարեւորել է «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, որպես ԵՄ-ի հետ տնտեսական եւ քաղաքական առավել սերտ համագործակցության գործիք՝ մտահոգություն հայտնելով գործընկերության խորհրդարանական ձեւաչափի ձգձգմամբ: Այս հարցում դեսպանը համաձայնել է Զոհրաբյանի հետ:

Քանի որ «Արեւելյան գործընկերությունը» լեհ-շվեդական նախաձեռնություն է, հանձնաժողովի նախագահը կարեւորել է Լեհաստանի դերակատարությունը Արեւելյան գործընկերության չորս հիմնարար պլատֆորմներն առաջ մղելու հարցում:

Պարոն Ռաչինսկին վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը՝ նշելով, որ Լեհաստանը կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը «Արեւելյան գործընկերության» ձեւաչափը, նաեւ խորհրդարանական պլատֆորմը առաջ մղելու հարցում: Կողմերը կարեւորել են Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի կնքումը, որը նոր հեռանկարներ կբացի Հայաստան-ԵՄ տնտեսական եւ քաղաքական ասոցացման համար: Նաիրա Զոհրաբյանը հարց է բարձրացրել ԵՄ երկրներ մուտքի վիզաների կարգի դյուրացման խնդրի վերաբերյալ` հղում անելով Արեւելյան գործընկերության ծրագրին, ուր նշված է, որ «անվտանգ միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժը «Արեւելյան գործընկերության» կարեւոր բաղադրիչներից է»: Դեսպանը նշել է, որ Լեհաստանը ջանքեր կգործադրի ուսանողների, գիտնականների եւ որոշ խավերի ներկայացուցիչների համար վիզաների խնդիրը հնարավորինս դյուրացնելու, ինչպես նաեւ վիզաների համար գանձվող գումարը նվազեցնելու համար:

Հանդիպման ավարտին ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին Նաիրա Զոհրաբյանին պաշտոնապես հրավիրել է Լեհաստան: