Եթե Ադրբեջանը ոտնձգություններ անի Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի սահմանի նկատմամբ, հայ ազատամարտիկները արժանի հակահարված են տալու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ազատամարտիկ, «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը:

«Հայ ազատամարտիկը միշտ իր խոսքն ասել է: Դա ապացուցված բան է: Եթե ադրբեջանցիները ոտնձգություններ անեն, մենք միանշանակ իրենց հակահարված տալու ենք: Թող չմոանան, թե իրենց հետ ինչ կատարվեց»,- նշել է ազատամարտիկն ու հավելել. «Այն ժամանակ մենք չհասանք Բաքու, բայց եթե այս անգամ ոտնձգություններ լինեն Ղարաբաղի կամ Հայաստանի սահմանի նկատմամբ, իրենց համար շատ վատ կլինի»:

Արցախյան պատերազմի մասնակիցը նկատեց, որ ազատամարտիկները միշտ էլ պատրաստ են պաշտպանելու մեր երկրի սահմանները: «Կապ չունի, թե ինչ իշխանություններ են տիրում Հայաստան երկրում: Իշխանությունները գնացող են, բայց Հայաստան աշխարհը մնայուն է: Մենք ինչ անում ենք, անում ենք մեր հայրենիքի եւ ժողովրդի համար»,- ասաց Առաքելյանը: Նա նաեւ չի կասկածում, որ պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը միանշանակ պարտվելու է: «Մեր թշնամին շատ նենգ է, իսկ նենգ թշնամին երբեք ուժեղ չի լինում: Ես չեմ կասկածում, որ Ադրբեջանը միանշանակ պարտվելու է: Այս անգամ ավելի հեռուն կտանք մեր անվտանգության գոտիները», նշեց նա: Վլադիմիր Առաքելյանը նաեւ Հայաստանի իշխանություններին հորդորեց, որ «համախմբեն ազգին, որ կարողանանք պատերազմը հաղթական ավարտին հասցնել»: