Մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների հարյուրավոր աշխատողներ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, հավաքվել են Կառավարության շենքի մոտ իրենց դժգոհությունը հայտնելու հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։
NEWS.am-ի թղթկիցը հաղորդում է, որ առավոտից հավաքվածների թիվը փոքր էր, խոսակցություններ կային, թե մի քանի տոնավաճառների, այդ թվում՝ «Փեթակի», Ոսկու շուկայի եւ Մալաթիայի տոնավաճառների աշխատակիցներին թույլ չեն տվել մասնակցել բողոքի ակցիային՝ սպառնալով, որ կկորցնեն իրենց տեղերը։ Ավելի ուշ բողոքողների թիվը կտրուկ ավելացավ, ու հիմա էլ գնալով ավելանում է։ Բողոքի ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ՝ Երեւանի փոխոստիկնապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ։ Վերջինը ապարդյուն փորձում է համոզել ցուցարարներին հեռանալ։ Հավաքվածները բղավում են՝ «Հովիկ, իջի», «ամոթ, ամոթ», «հիմա, հիմա»՝ պահանջելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իջնի եւ խոստանա, որ վիճահարույց օրենքը չեղյալ կհամարվի։
«Այսօրվա ակցիան ամոթի ակցիա է, որով եկել ենք կառավարությանը անվստահություն հայտնելու եւ ամոթանք տալու, որ ժողովրդի ձայնը չեն լսում, սա ուղղակի ցուցադրական բնույթ է կրում, որովհետեւ սեպտեմբերի 30-ին Ազատության հրապարակում մեծ հանրահավաք կանենք եւ կներկայացնենք մեր պահանջները։ Մենք այսօր վարչապետի հետ հանդիպում չենք պահանջում»,- ասաց Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը։
Նրա խոսքով՝ իրենք առաջարկում են հետ ուղարկել օրենքը, քննարկել ոլորտի ներկայացուցիչների հետ եւ փոխել այն։
«Ասում են՝ այս օրենքը լավ կլինի, բայց ի՞նչ լավ, մենք ոչ մի հարկից չենք վախենում եւ պատրաստ ենք հաստատագրված գումարը՝ երեքուկես տոկոս, մուծել, ոչ մի խնդիր չկա, իրանք իրենց գլխից ինչ ասես հանում են, որ ժողովուրդը տուժի։ Հիմա պիտի երկու հատ հաշվապահ պահենք, ապրանքը գողանում են, նիսյա ենք վաճառում, բա էդ ֆակտուրաները որտեղի՞ց ենք մենք ճարելու։ էս օրենքով խոշոր բիզնեսը կմնա, մանր բիզնեսը կվերանա, իսկ մենք հացի փող ենք աշխատում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառի աշխատակից Սամվել Ակոպովը՝ նշելով, միաժամանակ, որ Աղաբաբյանն իրենց մասնակցությունը բողոքի ակցիային չի խոչընդոտել։
Տոնավաճառների աշխատակիցների խոսքով՝ կառավարությունը լավ գիտի՝ խոշոր բիզնեսը ում է պատկանում, իսկ այս օրենքով ուղղակի կվերացնեն մանր եւ միջին բիզնեսը։
Կառավարության մոտ են նաեւ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամները, որոնք կարմիր թղթեր են իրենց հետ բերել եւ կարմիր քարտ ցույց տվեցին կառավարությանը՝ այսպիսով իրենց անվստահությունը հայտնելով գործադիր մարմնին։














