Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 22-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսռաթի նախագահ, ԳԴՀ նախագահի պաշտոնակատար Յենս Բյոհրնզենին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են հայ-գերմանական համագործակցությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ընդլայնելուն վերաբերող հարցեր: Կողմերը նշել են, որ հայ-գերմանական հարաբերություն¬ները զարգանում են փոխըմբռնման և բարեկամության ոգով, եւ առաջիկայում կնքվելիք նոր միջպետական համաձայնագրերը փոխգործակցության խորացման լավ հեռանկարներ կբացեն:
Նախագահները երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման գործում կարեւորել են գիտակրթական եւ մշակութային ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Խոսվել է նաեւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, էներգետիկայի, հանքարդյունաբերության եւ ենթակառուցվածքների բնագավառներում համագործակցության հնարավորությունների մասին:
ՀՀ նախագահի հաջորդ հանդիպումը կլինի Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ:




























