Հայաստանի Հանրապետությունը պետք  է դեմ արտահայտվի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը ԵԱՀԿ-ից այլ  կառույց տեղափոխելուն։ Այս մասին հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով  ենթահանձնաժողովի վերագործարկման նախաձեռնությանը։

«Յուրաքանչյուր միջազգային կառույց ունի իր լիազորություների եւ պատասխանատվության շրջանակը։ Եւ անվտանգության հարցերի կարգավորողն այս տարածաշրջանում ԵԱՀԿ-ն է։  Հարցը ԵԱՀԿ-ից այլ կառույց տեղափոխելը միշտ անընդունելի կլինի»,- նշեց Կ. Մանոյանն ու հավելեց, որ եթե ԵԽԽՎ-ն ուզում է ԼՂ հարցով իսկապես դերակատարություն ունենալ, ապա դա կարող է անել միայն իր մանդատի շրջանակներում՝ արծարծելով ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող հարցեր։  

«Եթե  այս մասին ԵԽԽՎ-ն ասելիք ունի՝ թող ասի, ասենք՝ թող դիտորդ ուղարկի ԼՂ ՝ դիտարկելու ընտրությունները։ Սակայն փորձել ԼՂ հարցի կարգավորումն արծարծել այդտեղ` դա կհարվածի իրական կարգավորման գործընթացին։ Սակայն տպավորությունս այն է, որ ադրբեջանական ու թուրքական այս նախաձեռնության նպատակը ընդամենը հարցի կարգավորմանը խոչընդոտելն է»:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ԵԽԽՎ նախագահը հանդիպել է ԵԽԽՎ-ում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ներկայացուցիչների հետ ու քննարկել ենթահանձնաժողովի վերաստեղծման հեռանկարի հետ կապված հարցեր։