Իրանն արդեն արտադրել է մինչեւ 20 տոկոս հարստացված 17 կգ ուրան: Այս մասին հայտարարել է  Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Նա նշել է, որ Թեհրանը մտադիր չէ արտադրել միջուկային այնպիսի նյութերի  տարատեսակներ, որոնց կարիքը երկիրը չունի, եւ չի պատրաստվում ստեղծել վառելիքի պաշարներ, որոնք բացառապես  մինչեւ 20 տոկոս ուրանից են կազմված:

Խոսելով իրանցի ատոմային մասնագետների հաջողություններից՝ Սալեհին ասել է, որ հիմա  անցկացվում են երրորդ սերնդի ցենտրիֆուգի թեստավորման աշխատանքները: ISNA-ի հաղորդմամբ,  միեւնույն ժամանակ նա նշել է, որ մասնագետներն արդեն սկսել են չորրորդ սերնդի ցենտրիֆուգ ստեղծելու աշխատանքները: Սալեհին հերթական անգամ նշել է, որ Իրանը մտադիր չէ ստեղծել սեփական  միջուկային զենքը եւ խախտել միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը:

Նշենք, որ իրավիճակը Իրանի ատոմային ծրագրի շուրջ սրվել էր այն բանից հետո, երբ փետրվարի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարեց, թե Թեհրանը արտադրել մինչեւ 20 տոկոս հարստացված  ուրանի առաջին պաշարները: Նա նաեւ հայտարարել էր, որ մտադիր է եռապատկել քիչ հարստացված ուրանի արտադրության ծավալները:

2010 թվականի հունիսի 9-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը  բանաձեւ է ընդունել, որով նոր պատժամիջոցներ են սահմանվում Իրանի նկատմամբ, քանի որ վերջինս հրաժարվել է դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները: