«Պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը՝ Ադրբեջանը ձգտում է ցույց տալ, որ բացի բարձրագոչ հայտարարություններից ունակ է նաեւ այլ բանի»,- հունիսի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը: Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության բանակցությունների գործընթացը մտել է փակուղի, եւ Ադրբեջանը նման գործողություններով փորձում է միջազգային հանրության մեջ որոշակի արձագանք հարուցել:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջին միջադեպին, Մարգարովը հայտարարել է, թե ԼՂՀ-ի կողմից արժանի հակահարված չի եղել: «Նայեք յուրաքանչյուր դասագրքում, եթե հարձակվող կողմը կորցնում է 1 զինվոր, պաշտպանվողը՝ 4, չհաշված վիրավորներին, դա պարտություն է»,- ընդգծել է Մարգարովը:
Նշենք, որ հունիսի 19-ի գիշերը Ադրբեջանից ԼՂՀ էր ներխուժել զինված հետախուզական խումբ: Արդյունքում հայկական կողմը տվել էր 4 զոհ, եւս նույնքան էլ վիրավորվել էին: Ադրբեջանական կողմը (շուրջ 20 հոգիանոց ջոկատը) նահանջել էր՝ մարտի դաշտում թողնելով ընդամենը մեկ զոհ:




























