Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ստեփանակերտ: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, այցելության նպատակն է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ներկայացնել Սանկտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպման արդյունքները:
Մեր տեղեկություններով, Սանկտ-Պետերբուրգում ռուսական կողմը հանդես է եկել նոր առաջարկություններով, որոնց համաձայնել է հայկական կողմը, իսկ ադրբեջանական կողմը, ի դեմս այդ երկրի նախագահի, սկզբում համաձայնել է այդ առաջարկներին, սակայն հետագայում մտափոխ է եղել: Հենց այդ է եղել պատճառը, որ Ալիեւը հրաժարվել է մնալ ու մասնակցել տնտեսական համաժողովին: Վերադառնալով հայրենիք, Ալիեւը կազմակերպել է դիվերսիոն խմբի ներխուժման փորձը ԼՂՀ տարածք:
NEWS.am-ի աղբյուրները նշում են, որ Սանկտ-Պետերբուրգում ռուսական կողմից նոր առաջարկներ ներկայացնելու մասին է խոսում նաեւ այն փաստը, որ Ալիեւի Ադրբեջան վերադարձից հետո, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւս մեկ անգամ առանձին հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Այսինքն ստացվում է, որ փաստացի այսօր բանակցությունների սեղանին գտնվում է նոր փաստաթուղթ:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Սանկտ-Պետերբուրգում ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից հետո Ադրբեջանի նախագահը չմնալով կազմակերպված տնտեսական համաժողովին (նախատեսված էր, որ Ալիեւը պետք է մասնակցի այդ համաժողովին), արագ վերադարձել է Ադրբեջան:



























