Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում գոյություն չունի կարգավորման առաջարկների նորացված տարբերակ: Այդ մասին «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովը:
«Ես կխուսափեի կոչել՝ Մադրիդյան առաջարկնե՞ր, թե՞ Մադրիդյան նորացված առաջարկներ: Կարեւորն այն է, որ գոյություն ունի կարգավորման սկզբունքների որոշակի խումբ, բայց ընդհանուր հասկացություն չկա դրա շարունակականության եւ այս սկզբունքների իրականացման ալգորիթմի շուրջ, այդ իսկ պատճառով գոյություն ունի մեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահնեիս աշխատանքը, որ կայանում է նրանում, որպեսզի ներկայացնենք որոշակի տարբերակներ»,- ասել է համանախագահը:
«Իհարկե առկա են տարբերակներ, որոնց շուրջ հայկական կողմը համաձայն չէ ադրբեջանական կողմի հետ, կան տարբերակներ, որոնց դեպքում էլ հակառակ իրավիճակն է»,- ասել է Պոպովն ու հավելել. «Մեր խնդիրն է մաքսիմալ մոտեցնել դիրքորոշումները, որպեզի հասնենք փաստաթղթերի ստորագրմանը: Որքա՞ն կտեւի այս գործընթացը՝ չեմ կարող ասել»:
Պոպովը նշել է նաեւ, որ իրավիճակը ղարաբաղյան հակամարտության շուրջ բավական բարդ է, «քանի որ սա երկար գործընթաց է»: Խոսելով հունիսի 18-ին շփման գծում տեղի ունեցած միջադեպի մասին՝ ռուսաստանցի համանախագահն ասել է, թե «այս թեման կքննարկվի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ հուլիսի սկզբին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում»:


























