Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն հունիսի 25-ին որոշում չի կայացրել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծման մասին:
«Ես տեղեկացրել եմ Բյուրոյի անդամներին երկու երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների մանրամասների մասին: Ես հանձնել եմ Բյուրոյին հաշվետվությունը: Հունիսի 23-ին կայացել է իմ հանդիպումը ադրբեջանական եւ հայկական պատվիրակությունների անդամների հետ: Ենթահանձնաժողովի գործունեության քննարկումները շարունակվելու են Բյուրոյի հերթական նիստում»,- ադրբեջանական Trend գործակալությանը հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Մեւլյութ Չավուշօղլուն:
Նշենք, որ ենթահանձնաժողովի ստեղծմանը կտրուկ դեմ է արտահայտվել Հայաստանը: Երեւանում վստահ են, որ ղարաբաղյան խնդիրը պետք է քննարկվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:


























