Հայաստանի բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանն այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ վերահաստատեց նախկինում արտահայտած իր այն տեսակետը, ըստ որի` մեր բանկային համակարգում դոլարային ավանդների տոկոսադրույքները անբնական բարձր են (գտնվում են 8-10 տոկոսի սահմաններում) եւ պետք է նվազեն: «Շուտով մենք կտեսնենք արտարժութային ավանդների տարեկան տոկոսադրույքների նվազում մինչեւ 6 տոկոս, ինչը մեր ավանդատուների համար հանդիսանում է միջին եւ ընդունելի տոկոսադրույք»,- համոզմունք հայտնեց Ղուկասյանը:
Սակայն դրամային ավանդների մասով Ղուկասյանը կանխատեսեց, որ դրանք մինչեւ տարեվերջ կպահպանեն տոկոսադրույքների ներկա մակարդակը: Իրավաբանական անձանց համար դրամային ավանդների միջին տոկոսադրույքը այս տարվա 5 ամիսների ընթացքում, ըստ պաշտոնական վիճակագրության, 8.3 տոկոսից աճել է մինչեւ 9.8 տոկոսի, իսկ ֆիզիկական անձանց համար` 9.4 տոկոսից մինչեւ 10.1 տոկոսի:
Դրամային ավանդների տոկոսադրույքների մակարդակի պահպանումը Ղուկասյանը բացատրեց այն հանգամանքով, որ բանկերին հասանելի դրամային զանգվածը եւ դրանց նկատմամբ պահանջարկը հավասարակշռված են:




























