Հայաստանի Ազգային ժողովի նախագահ  Հովիկ Աբրահամյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Միգել Անխել Կունեոյին:

Հայաստանի ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ազգային ժողովի նախագահը վստահություն է հայտնել, թե դեսպանի փորձն ու կարողությունները կնպաստեն հայ-արգենտինական հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկու երկրների միջեւ եղած մեծ հեռավորությունը չի խանգարի քաղաքական եւ տնտեսական երկկողմ հարաբերությունների ակտիվացմանը, եւ,  որպես Ազգային ժողովի նախագահ, ամեն ինչ կանի դրան նպաստելու համար: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարեւոր համարեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովում գործում է հայ-արգենտինական պատգամավորական խումբ:

Արգենտինայի դեսպանը փոխանցել է Արգենտինայի  Պատգամավորների պալատի եւ Սենատի նախագահների ողջույնները:  Զրուցակիցները նշել են, որ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը: Ընդգծվել է տնտեսական կապերը խորացնելու անհրաժեշտությունը եւ գործարար շրջանակների միջեւ շփումների ակտիվացումը բիզնես համաժողովների միջոցով: