Ղարաբաղում եւ նրա շուրջ վերջին իրադարձությունների մասին NEWS.am-ին հարցազրույց է տվել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Ներկայումս ի՞նչ հիմքով են ընթանում ԼՂ բանակցությունները, հաշվի առնելով, որ արդեն խոսք է գնում սանկտպետերբուրգյան սկզբունքների մասին:

Վերջին ադրբեջանական հարձակումը բանակցային սեղանին դրված սկզբունքները դարձրեց անկարեւոր, անկախ նրանից, դրանք մադրիդյա՞ն են, թե մեկ այլ: Ես կարծում եմ, որ Ադրբեջանը հիմա ավելի քիչ է հակված դիվանագիտության: Այլ խոսքով, եթե նախորդ շաբաթվա հարձակումից առաջ Մինսկի խումբն աշխատում էր մադրիդյան կամ այլ սկզբունքների վրա, ապա հիմա նրանք փորձում են միայն պահել Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ։ Մյուս կողմից, անգամ առանց այդ հարձակման էլ սեղանին դրված փաստաթղթի դրույթները կարեւոր չէին: Ընթացող բանակցություններն ինձ համակարգիչ են հիշեցնում, որտեղ կողմերից մեկն օգտագործում է windows 95,  մյուսը` windwos XP, երրորդը` VISTA որպես սեղանին դրված փաստաթղթեր, բայց խնդիրը օգտագործվող ծրագրերը չեն, software-ը չէ, այլ hardware-ն է: Կապ չունի, թե ինչ տեսակի մադրիդյան սկզբունքներ կամ ինչ windows ենք մենք օգտագործում, քանի որ խնդիրը բուն «համակարգչի» մեջ է, որը չի աշխատում երկու պատճառով: Առաջին պատճառն այն է, որ այդ «համակարգչում» չկա Ղարաբաղը: Երկրորդ. Ադրբեջանը անընդհատ «մուրճով հարվածում է այդ համակարգչին»: Բացի այդ, «համակարգիչը» երկու մասի է բաժանվել. Հայաստան ու Ադրբեջան, որոնք գնալով հեռանում են միմյանցից:

Կարեւոր չէ, թե ինչ տարբերակն է սեղանին դրված, որովհետեւ Մինսկի խումբը հիմա ավելի անհանգստացած է, որ Ադրբեջանը չի շարունակի բանակցային գործընթացը: Այս վիճակում Հայաստանը պետք է ասի. «STOP, մենք կարիք ունենք, որ Ադրբեջանը հետ կանգնի ռազմական ճանապարհից, նախքան սեղանին դրված փաստաթղթերին անցնելը»: Դրա համար մենք պետք է ամբողջ ճնշումը տեղափոխենք դեպի Ադրբեջան եւ ճնշում գործադրենք Մինսկի խմբի վրա, որպեսզի դադարեցվեն հարձակումներն Ադրբեջանի կողմից, որովհետեւ հիմա դիվանագիտորեն Հայաստանն ավելի ուժեղ  դիրքերում է: Վտանգը գալիս է միայն Ադրբեջանից, ինչը նշանակում է, որ Հայաստանը օգտագործելով դիվանագիտության մեջ իր ուժեղությունը կարող է խոչընդոտել ՄԱԿ-ի կամ ԵՄ-ի կողմից ընդունվող բանաձեւերին:

Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ միջազգային հանրությունը հավասարապես կոչ է անում կողմերին չգնալ սադրանքների, թեեւ բոլորին է հայտնի, թե ով էր հարձակվողը:

Իսկապես, դիվանագիտական արձագանքը տեղի ունեցածին բավականին թույլ էր ու մեղմ: Բայց իրականում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ միջազգային հանրությունն էլ է հասկանում, թե Ադրբեջանն է միակ սպառնալիքը տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը: Կա միայն մեկ ագրեսոր, որը նստած է Բաքվում նավթային տակառների վրա: Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին,  նույնիսկ նրանց մեղմ դիվանագիտական մեսիջների թիկունքում տեսանելի է, որ միակ մեղավորն Ադրբեջանն է: Միջազգային հանրությունը փորձում է դիվանագիտական լեզվով խոսել, բայց, հավատացնում եմ, որ հրապարակային կոչերն ու մասնավոր մեսիջները շատ տարբեր են:

Մի կողմից ռուսական լրատվամիջոցները ասպարեզ են նետում միտքը, թե ԼՂ-ում ռուսական խաղաղապահներ են մտցվելու, իսկ Նախիջեւան` թուրքական, եւ դրանից անմիջապես հետո միջադեպ է գրանցվում սահմանում: Դուք կապ տեսնո՞ւմ եք այս երկու փաստերի միջեւ:

Անշուշտ կա այդ կապը եւ Ռուսաստանը հիմա էլ ուզում է օգտագործել իրադրությունը: Առաջին անգամ է, որ Ռուսաստանի ուզածը տարածաշրջան խաղաղապահ ուժեր մտցնելն է, բայց մեկ այլ հանգամանք էլ առաջին անգամն է, որ դա վատ է միաժամանակ ե՛ւ Ադրբեջանի ե՛ւ Հայաստանի, ինչպես նաեւ Ղարաբաղի համար: Ես վստահ չեմ, որ Ռուսաստանը կստանա այն, ինչ ուզում է: ԼՂ-ի ու Հայաստանի անվտանգությունը պետք է պահպանվի հայկական ուժերի կողմից: Բալկանյան երկրների պատմության դասը հուշում է, որ օտար խաղաղապահները չեն պահպանում խաղաղությունը:

Ռուս խաղաղապահների ԼՂ մտցնելու եւ նաեւ սահմանում տեղի ունեցած միջադեպից հետո Իրանի դեսպանը հայտարարեց, թե Իրանը թույլ չի տա, որ  խաղաղապահներ մտնեն հակամարտության գոտի, եւ որ այդ միջադեպը դրսի ուժերի սադրանքն էր: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

Իրանի պատասխանն, իրականում կապված էր ոչ թե Ղարաբաղի, այլ Ադրբեջանի հետ: Բանն այն է, որ իսրայելական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, որ ամերիկացիներն ու իսրայելցիները ռազմական ուժեր են կենտրոնացնում Ադրբեջանում, այսինքն դիրքավորվում են Իրանի դեմ: Բնական է, որ Իրանին անհանգստացնողը տվյալ դեպքում Ղարաբաղը չէ, այլ շատ ավելի լուրջ վտանգը, որը կարող է գալ Ադրբեջանի տարածքից:

Իսկապե՞ս հնարավոր է, որ Ռուսաստանը հրահրած լինի այս միջադեպը, սահմանին:

Այո, դա տրամաբանական է: Այդ սադրանքով Ռուսաստանը երկու նպատակ կարող է հետապնդել. Առաջին. սա հիմք է, որպեսզի նա իր զորքերը մտցնի հակամարտության գոտի: Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Ռուսաստանի ուժը հիմնվում էր երկու բանի վրա. Տեղի բնակիչներին ռուսական անձնագրեր էին բաժանել եւ այնտեղ կային ռուս խաղաղապահներ: Ղարաբաղում Ռուսաստանը այդ երկուսից ոչ մեկը չունի եւ հնարավոր է, որ ուզում է այսպիսի քաղաքականությամբ ունենալ ավելի մեծ ազդեցություն: Երկրորդն այն է, որ վերջին 2 տարիների ընթացքում Ռուսաստանը կատարելագործում է իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, եւ իր ռազմավարական նպատակների համար ադրբեջանական հարձակումը կարող է օգտակար լինել Ռուսաստանի համար: Պետք է հասկանանք, որ հեռանկարի առումով մենք պետք է դեմ լինենք, որպեսզի Ղարաբաղում լինեն որեւէ տեսակի, այդ թվում նաեւ ռուսական կամ ՆԱՏՕ-ական խաղաղապահներ:

Ադրբեջանում արդեն քննարկում են, թե քանի օրում կկարողանան գրավել Ղարաբաղը: Որքանո՞վ են իրական նման հեռանկարները:

Ռազմական տեսանկյունից Ադրբեջանի համար շատ վտանգավոր է այս ուղղությամբ մտածելը, որովհետեւ այն կորուստները, որ Ադրբեջանը կկրի պատերազմի դեպքում, կլինեն շատ-շատ մեծ: Բայց Ադրբեջանը ռացիոնալ չէ, եւ կա վտանգ, որ առանց երկար-բարակ մտածելու, Սահակաշվիլիի օրինակով՝ Ալիեւը նույնպես կարող է գնալ պատերազմի: Ադրբեջանը կարող է կռիվ սկսել, բայց չի կարող պատերազմ սկսել, թեեւ ես մտավախություն ունեմ, որ պատերազմը կարող է սկսել մի այդպիսի փոքր մարտից, որից հետո իրավիճակը հնարավոր է դուրս գա վերահսկողությունից: Մի բան հաստատ է, որ այս ամառը շատ ավելի դժվար ու վտանգներով լի է լինելու:

Իսկ ինչպե՞ս կարձագանքի միջազգային հանրությունը ադրբեջանական շանտաժին: Կտրվի այդ շանտաժին եւ զիջումնե՞ր կանի, թե՞ դա կխստացնի վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ:

Բոլորն են հասկանում, որ Ադրբեջանի սպառնալիքները դատարկ են, եւ եթե նա պատերազմ սկսի` կպարտվի:  Տարիներ շարունակ կրկնող սպառնալիքներից հետո Ադրբեջանը հիմա փորձում է ցույց տալ, որ իբր այդ սպառնալիքները դատարկ չեն, բայց այդ երկիրը վտանգավոր լինելուց ավելի շատ ապուշ է, որովհետեւ պատերազմ սկսելը ինքնասպանություն կլինի իր համար: Ադրբեջանը ամբողջ աշխարհին ասում է. «Մենք երեխա ենք եւ եթե մեզ կոնֆետ չտաք, մենք չարաճճիություններ կանենք եւ կսկսենք կռվել»: Սրան միջազգային հանրության արձագանքը տարբեր կլինի: Որոշ երկրներ, հատկապես նրանք, ովքեր կախված են նավթից, կցանկանան տալ այդ կոնֆետը Ադրբեջանին, որովհետեւ այդ երեխան նստած է նավթամուղի վրա, իսկ մյուսները կմտածեն, թե «Ո՞վ է այս ապուշը»: Սրանով Ադրբեջանը կկորցնի իր հարգանքը, կկրի կորուստներ դիվանագիտական ասպարեզում եւ Հայաստանին ավելի շահեկան դիրքերում կդնի: Մի նկատառում եւս. Ինձ զարմացրեց, որ Ադրբեջանը նման սադրանքի գնալու համար ընտրեց հենց ներկա ժամանակը: Նկատի ունեմ այն, որ դա կազմակերպվեց Հիլարի Քլինթոնի տարածաշրջան այցից առաջ: Սովորաբար եթե մեկը հյուրերի է սպասում, գեղեցիկ հագնվում է, սափրվում է եւ տունը կարգի է բերում, այնինչ Ալիեւը պատկերավոր ասած հանեց հագուստները, նետեց հատակին ու միզեց նրանց վրա:

Զրուցեց Ա. Եղիազարյանը