Հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն «Ոսկե ծիրան» միջազգային VII կինոփառատոնի հյուրը կլինի։ Այս մասին հայտնեց փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը։

Նրա խոսքով, Երեւանում Կլաուդիա Կարդինալեն կներկայացնի Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմը, որում նա խաղացել է գլխավոր դերերից մեկը։ Փառատոնի շրջանակներոմ նրան «Ոսկե ծիրանի» հատուկ մրցանակ կշնորհվի։  Բացի համաշխարհային ճանաչում ունեցող դերասանուհուց, Հայաստան կժամանի Անրի Վեռնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը։

Ստամբոլցյանը նաեւ ասաց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակներում տեղի կունենան Անրի Վեռնոյի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը՝ նվիրված վերջինիս ծննդյան 90-ամյակին։

Նա նաեւ հայտնել է, որ «Ոսկե ծիրանը» հանդիսատեսին կներկայացնի Կաննի եւ Բեռլինի կինոփառատոնների 9 դափնեկիր ֆիլմեր։ Կցուցադրվեն կորեացի ռեժիսոր Լի Չան Դոնի «Պոեզիա», Միխայել Խանեկեի «Սպիտակ ժապավեն» եւ Սեմիհ Կապլանօղլուի «Մեղր» ֆիլմերը։

Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել նաեւ բազմաթիվ այլ ֆիլմեր։