Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահների 2010 թվականի հունիսի 26-ին արված  համատեղ հայտարարությունում արված առաջարկները 2009-ի ամռանը նրանց կողմից արված առաջարկների կրկնությունն են։ Այդ մասին հայտնել է ԼՂ նախկին արտգործնախարար, ԼՂ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի ղեկավար Մասիս Մայիլյանը։

«Կարելի է փաստել, որ անցած տարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումները ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտության վերաբերյալ չեն ենթարկվել փոփոխությունների։ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հանագահները հակված են ժամանակը ետ տալ առանձին վերցրած ռեգիոնում, որը նույնիսկ ազդեցիկ գերտերությունների ուժերից վեր խնդիր է»,-նկատել է նա։

«Հնարավոր է, առաջարկներից մի քանիսը 20 տարի առաջ ակտուալ լինեին Արցախի ժողովրդի համար։ Սակայն ԼՂ-ի բնակչության հանդեպ Ադրբեջանի կողմից սանձազեծված լայնամասշտաբ պատերազմից, հարյուրավոր մարդկանց մահվանից, էթնիկ զտումներից, զինված օկուպացիայից եւ նյութական վնաս հասցնելուց հետո առաջարկել հայկական կողմերին ԼՂ-ի համար միջանկյալ կարգավիճակ, իսկ ԼՂ ժողովրդին՝ մշուշոտ «կամարտահայտություն», ի հաշիվ սեփական անվտանգության մակարդակի կտրուկ իջեցման, իմ տեսանկյունից լուրջ չէ։ Զարմանալի է, որ այդ առաջարկներն արվում են այնպիսի երկրների կողմից, որոնք դեռ երկու տարի առաջ դարձան  Կոսովոյի, Հարավային Օսիայի ու Աբխազիայի միջազգային ճանաչման նախաձեռնողները։ Տրամաբանական կլիներ նշված հակամարտ գոտիներում արդյունավետ կայունության ապահովման միջազգային փորձը կիրառել նաեւ ԼՂ հակամարտության լուծման դեպքում»,-ընդգծել է  Մայիլյանը։